Էսօր կառավարության հերթական նիստն էր, ավելի ճիշտ՝ Նիկոլի հերթական նախընտրական քարոզարշավը, այլապես անտրամաբանական է, թե ինչի՞ է Նիկոլը 44 րոպե թվարկում «Ծիծեռնակ», «Ձնծաղիկ», «Կակաչ» ու «Հասմիկ» մսուր-մանկապարտեզներում գույք առնելը, դպրոցներում լաբորատորիաներ սարքելն ու ջանապարհների լուսարձակում ապահովելու դրվագները։ Սրանք պետության, տվյալ դեպքում կառավարության առաջ դրված պարտավորություններ են, որոնք նրանք պարտավոր են կատարել։ Ասել է թե՝ դրանք հենց այնպես չի տիրաժավորում, ուղղակի հանրությանը ցուցյ է տալիս, թե ինչքան «պուպուշ են իրենք» ու ինչքան «շատ են մտածում մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու համար»։ Այլ կերպ ասած՝ թանկով ծախում է պետբյուջեով արվածը։ Բայց սրա մասին չէ, որ ցանկանում եմ խոսել։
Նիստի կուլմինացիան Նիկոլի կողմից սեղանին բարձրացրած «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսն էր, որը սեպտեմբերի 1-ից փակցված է լինելու է բոլոր դպրոցներում։ Առաջին հայացքից կարող է թվալ որպես անմեղ և բարոյախրատ մանկավարժություն, սակայն նման կարգախոսի օգտագործումը պետական բարձր ամբիոնից փաստում է խորքային մի գործընթաց՝ հանրային ընկալումների ձևախեղում և իրականության քաղաքական վերարժևորում։
Ըստ էության՝ այս կարգախոսի միջոցով հանրությանը ներշնչվում է, թե կրթությունը և «լավ ապրելը» բավական են արժանապատիվ ու անվտանգ կյանք ունենալու համար։ Բայց այստեղ կա մի սարսափելի պարզեցում․ այս իշխանության տեսանկյունից «լավ ապրելը» կրճատվել է մինչև շատ փող ունենալու, կուշտ փոր ապահովելու և օգտատեր-պետություն փոխհարաբերության։ Ոչ մի խոսք արժանապատվության, անվտանգ ապագայի, ինքնիշխանության կամ պատմական հիշողության մասին։
Բայց պատմությունը ցույց է տալիս, որ նյութապես բարեկեցիկ, կրթված և «լավ ապրող» լինելը երբեք երաշխիք չեն։ 1915-ին Պոլսի հայությունը համարվում էր Օսմանյան կայսրության ամենակրթված, ամենազարգացած և սոցիալապես կայուն հատվածներից։ Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրապը, պատգամավոր Վարդգես Սերենգուլյանը, Ռուբեն Սևակը, Կոմիտաս վարդապետը և նմանատիպ բազում մտավորականներ պատկանում էին հասարակության վերին խավերին՝ կրթված, կայացած, հանրային հարգանք վայելող։ Ասեմ, որ հենց դա էլ դարձավ պատճառ, որ նրանք առաջինը դառնան բռնաճնշման, վտարման և կոտորածի զոհը։ Նրանց «լավ սովորելը» ոչ միայն չփրկեց, այլ դարձավ վերացվելու նախապայման։
Այսօր, երբ պետական կառավարման բարձր հարթակում հնչում է այս կարգի սիմվոլիկ լոզունգ, պետք է գիտակցել, որ այն ոչ թե կրթության արժևորման, այլ պատմական անգիտության և քաղաքացիական հպատակեցման գործիք է։ Այն սովորեցնում է մարդկանց չքննարկել, չկասկածել, չհիշել, այլ ուղղակի «սովորել»՝ առանց հասկանալու՝ ում ձեռքին են մնացել գրքերը, իսկ ում՝ պատմական պատասխանատվությունը։
Այսպես ձևավորվում է ուղեղային ստերջացումը՝ երբ մարդուն, ով պետք է կասկածի, պայքարի ու ձեւավորի իր պատմական հիշողությունը, դարձնում են պետական քարոզչության լուռ սպառող։ Այսպիսի պետություններ չեն ապրում, միայն կուշտ փորերով ապրող քաղաքացիներ չեն փրկում պատմության գծից դուրս մնացած ազգերին։
Արմեն Հովասափյան